ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԸ տարածվում է Արարատյան դաշտի բարեբեր հողերի վրա, այդ իսկ պատճառով այս մարզի տարածքում են գտնվում խաղողի, ծիրանի, խնձորի և Հայաստանը սնող հյութեղ բերքի անծայրածիր այգիները: Արարատի մարզը, ինչպես և Հայաստանի մյուս մարզերը, ունի հիշարժան և հարուստ պատմություն. հենց այս տարածքում է գտնվել հին աշխարհի ամենաշքեղ ու զարգացած քաղաքներից մեկը՝ Արտաշատը, որը այլազգի պատմիչները հաճախ անվանում էին Հայկական Կարթագեն: Այն հայտնի էր իր թատրոններով, շքեղ տաճարներով: Արտաշատով էր անցնում աշխարհաճանաչ Մետաքսի ճանապարհը, այստեղ էր բուծվում հայկական հայտնի ներկանյութը՝ Որդան կարմիրը, և վերջիվերջո Արտաշատում էր գտնվում նշանավոր Խոր Վիրապի զնդանը, որի հետ է կապված Հայաստանում քրիստոնեության տարածման մասին լեգենդը: Հենց Խոր Վիրապից է բացվում Մասիս սարի ամենագրավիչ տեսարաններից մեկը: